18 փետրվարի 2026 – 14:35 AMT
PanARMENIAN.Net – Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ջարեդ Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հայ գերիների ազատ արձակմանը նպաստելու իր հրապարակային խոստումը։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում:
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ տրված խոստումը և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,-գրել է նա:
Նա նշել է նաև, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:
Գենսերը շեշտել է, որ Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, այն մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած էթնիկ զտման զոհերը։
«Դատավարությունն ինքնին կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։ Դատաքննությունը գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։
Բացի այդ, դատակոչված «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամ զինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետ կապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասին լսելն էր։ Դա ապացույց չէ։
Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ»,-ասվում է գրառման մեջ:
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։