Aurora News | ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երիտասարդ է ձերբակալվել․ նա զինված է եղել

ԱՄՆ Կոնգրեսի շենքի հարակից տարածքում ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա երիտասարդի, որը իր հետ ունեցել է որսորդական հրացան։ Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտ։

Կապիտոլիումի ոստիկանության պետ Մայքլ Սալիվանի փոխանցմամբ՝ երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և զենքը ձեռքին սկսել վազել դեպի Կոնգրեսի շենք տանող արահետով։ Իրավապահները նկատել են նրան, երբ նա արդեն մոտեցել էր շենքին։

Ոստիկանության աշխատակիցները պահանջել են վայր դնել զենքը և պառկել գետնին։ Երիտասարդը ենթարկվել է հրահանգներին, որից հետո նրան անմիջապես բերման են ենթարկել։ Տուժածների կամ կրակոցների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Դեպքի դրդապատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը մամուլի ասուլիսի ընթացքում չի նշել, թե ինչու է երիտասարդը նման քայլի դիմել։

Leave a Comment