Ժնևում ուշ երեկոյան ավարտվել են ՌԴ, ԱՄՆ֊ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունները։ Դրանք տևել են շուրջ 4․5 ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլը կշարունակվի այսօր։
«Համատեղ մասից հետո աշխատանքը շարունակվել է խմբերով՝ կոնկրետ ուղղություններով։ Քննարկումները կենտրոնացած են եղել գործնական հարցերի և հնարավոր լուծումների մեխանիզմների վրա», – գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը Telegram-յան ալիքում։
Դրանից առաջ Reuters-ը և BBC-ի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էին, որ քաղաքական խումբն ավարտել է աշխատանքը, իսկ ռազմական ներկայացուցիչները մի փոքր ավելի երկար են աշխատել։
«Վաղը առավոտյան քաղաքական և ռազմական խմբերը կշարունակեն աշխատանքը», – հավելել է ԱՊԽ քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն հաստատել էր, որ Շվեյցարիա են ժամանել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականները։
ТАСС գործակալությունը՝ հղում անելով «արևմտյան աղբյուրին», նշել էր, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները բանակցությունների դահլիճում ներկա չեն եղել։ Լեշչենկոն պարզաբանել է, որ եվրոպացիները Ժնևում գտնվում են «եթե ոչ սենյակում, ապա մշտական կապի մեջ»։
