Միացյալ Նահանգները կվերսկսի ուրանի հարստացումը, այդ թվում՝ ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիստոֆեր Ռայթը։
«Մենք պատրաստվում ենք վերսկսել ուրանի հարստացումը Միացյալ Նահանգներում՝ մասամբ ամերիկյան ընկերությունների, մասամբ՝ Ֆրանսիայից մեր գործընկերների հետ», – ասել է նա։ Ռայթը ելույթ է ունեցել Փարիզում Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած համաժողովում։
Բարձր հարստացված ուրանի արտադրությունը վերսկսելու ծրագրերի մասին հայտարարվել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ։ Ինչպես նշել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչության այն ժամանակվա տնօրեն Ջիլ Հրուբին, մշակվել է «քաղաքացիական միջուկային ռեակտորների և ապագա ռազմական կարիքների համար ուրանի հարստացման համակարգված ռազմավարություն»։
Արևմտյան ոչ կառավարական փորձագետների գնահատականներով՝ 2024 թվականի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ուներ մոտ 481 տոննա բարձր հարստացված ուրանի պաշարներ։