Պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Գրան պրիի է արժանացել հեղինակավոր մրցույթում

Պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Գրան պրիի է արժանացել հեղինակավոր մրցույթում

17 փետրվարի 2026 – 18:42 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանից պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Գրան պրիի է արժանացել Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթում:

Մրցույթն անցել է ՌԴ Օմսկ քաղաքում: Մրցութային ծրագիրն ընդգրկել է «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

«Ջութակ» անվանակարգում Էդուարդ Դայանն արժանացել է առաջին մրցանակին: Գլխավոր պարգևին՝ Գրան պրիին, Էդուարդ Դայանն արժանացել է երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրների միջև կազմակերպված ընտրության արդյունքով։

Գալա համերգի շրջանակում Էդուարդ Դայանը ներկայացրել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ ելույթ ունենալով Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։

Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է և այժմ կրթությունը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։

Մրցույթին մասնակցել է 7-23 տարեկան ավելի քան 200 երիտասարդ երաժիշտ:

Վիլհելմ Շպետի անվան 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը դարձել է կարևոր հարթակ երիտասարդ կատարողների ստեղծագործական առաջընթացի և մասնագիտական կայացման համար՝ մեկտեղելով տարբեր տարածաշրջաններից ժամանած տաղանդավոր երաժիշտներին։

Leave a Comment