Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ստացվել։ Արամայիս Թախմազյանը, պահանջել է անվավեր ճանաչել ՀԱՍԵ որոշումը, որով նա կարգալույծ է հռչակվել։ Գործը նույն օրը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյան ի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Ներկայացվող հայցապահանջը: Ճանաչել անվավեր հայցվորին Թալինի տարածաշրջանի հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 2, 2025 թ. հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովվի պաշտոնում:
Հայցադիմումի վերադարձման վերաբերյալ որոշումը
Ուսումնասիրելով հայցադիմումը պարզվել է, որ հայցադիմումը հստակ չէ, այն չի նշում՝ արդյոք գործը պետք է քննվի ընդհանուր հայցային կամ հատուկ վարույթի կարգով, ինչպես նաև չի ներառում բավարար փաստական և իրավական հիմքեր, որոնք անհրաժեշտ են դատարանում պահանջը քննելու համար: Նշվել է, որ հայցը պետք է ունենա հստակ դատավարական և նյութաիրավական պահանջ, որպեսզի դատավարությունը հնարավոր լինի արդյունավետ իրականացնել: Հետևաբար, հայցադիմումը վերադարձվել է Թախմազյանին՝ հնարավորություն տալով պարունակվող թերությունները վերագնելու և կրկին ներկայացնելու՝ 3 օրվա ժամկետում: Եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը:
Ներկայացված նոր հայցադիմումը, վարույթ ընդունելու մասին որոշումը
Հայցադիմումը կրկին ներկայացվել է փետրվարի 11-ին, նույն օրը մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին։ Դատավորը փետրվարի 13-ին որոշում է կայացրել ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Հայցի ապահովումը
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է հայցվոր Արամայիս Դավթի Թախմազյանի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ պարտավորեցվել է պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտների ապահովել Արամայիս Դավթի Թախմազյանի (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովվի պաշտոնում։ Միաժամանակ դատարանը միջնորդությունը մնացած մասով մերժել է։ Որոշման մերժման մասը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում։ Իսկ բավարարված մասը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Հիշեցնենք, որ նույնանման որոշում է կայացվել նաև Ստեփան Ասատրյանի(նախկինում Տ. Արամ քահանա Թախմազյան) միջնորդության վերաբերյալ։