Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային մեղադրել է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության դեպք։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնն զբաղեցրած անձը, դիտավորությամբ ստեղծելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ, իրականացրել է իրեն պատկանող անշարժ գույքերի ձևական օտարումներ։ Պաշտոնյան, ըստ գործի նյութերի, մշտապես բնակվել է իրեն և կնոջը պատկանող բնակարանում, սակայն 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին ներկայացրել է բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ներկայացված տեղեկատվության հիման վրա հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Երևանի հասցեներից մեկում գտնվող բնակարանն անհատույց սեփականության իրավունքով նրան տրամադրելու վերաբերյալ։

Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող, 21 400 000 դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային։

Պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախություն, նախատեսում է 4-8 տարի ազատազրկում):  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment