Ո՞րն է Մյունխենում երկօրյա քննարկումների «չոր արդյունքը» – EU

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովն ավարտվել է՝ թողնելով կայուն տպավորություն, որ միջազգային անվտանգությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այնքան անկայուն, եթե չասվի՝ խարխլված, չի եղել, քան այսօր է:

Ո՞րն է Մյունխենում երկօրյա քննարկումների «չոր արդյունքը»: Առաջինը, թերևս, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումն է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպանքաղաքակրթական ամբողջություն են:

Երկրորդը, երևի, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կալասի սահմանումն է, որ Ուկրաինայում Ռուսաստանը չի հաղթում, և Պուտինը բանակցությունների սեղանին չպետք է ավելին ստանա:

Որքանո՞վ է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը համապատասխանում Սպիտակ տան իրական քաղաքականությանը, հնարավոր կլինի դատել Ժնևի ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո:

Ըստ տեղեկությունների, Դոնբասի հարցում Վաշինգտոնն առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի: Ոչ մի երաշխիք չկա, որ այդ տարբերակը Վլադիմիր Պուտինի համար ընդունելի կլինի: Մյուս կողմից, տարածված տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է տնտեսական համագործակցության «շատ գրավիչ ծրագիր»:

Այս համատեքստում, անկասկած, պետք է չափազանց լուրջ վերաբերվել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի նա Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հետ քննարկում է «Եվրոպայի միջուկային պաշտպանության կազմակերպման հարցը»:

Ֆրանսիան ԵՄ միակ միջուկային տերությունն է: Ավելի վաղ Մակրոնն ասել է, որ պատրաստ է Եվրոպայի համար «միջուկային հովանոց ապահովել»:

Նույն օրը խիստ զգուշացնող հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Կարոլ Մավրոցկին: «Ես միջուկային նախագծին Լեհաստանի միանալու մեծ կողմնակից եմ: Մենք զինված հակամարտության եզրին գտնվող երկիր ենք և գիտենք, թե իմպերիական ինչ ծրագրեր ունի Ռուսաստանի Դաշնությունը Լեհաստանի նկատմամբ»,- ասել է նա: Ըստ Մավրոցկու, «Լեհաստանը պետք է ունենա սեփական միջուկային ներուժը՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը»:

Փետրվարի 16-ին հայտնի է դարձել, որ Լեհաստանի կառավարությունը «ավարտին է հասցնում Օտտավայի կոնվենցիան չեղյալ հայտարարելու ընթացակարգը»: Դա թույլ կտա, որպեսզի փետրվարի 20-ից սկսած՝ Լեհաստանը ձեռնամուխ լինի իր սահմանների պաշտպանության նպատակով հետևակային ականների արտադրությանը:

Այդ ծրագիրը «Արևելյան վահանի» բաղկացուցիչ մասն է և իրականացվելու է Ռուսաստանի հավանական հարձակման դեմ «հզոր պաշտպանական կառույցներ ստեղծելու նպատակով»:

Կարգավորման ի՞նչ տարբերակ կարող է գտնվել Ուկրաինայի համար, ռազմավարական ծրագրավորման առումով այլևս, գուցե, էական չէ: Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմը Եվրոպային ստիպել է ընտրել ռազմականացման ճանապարհը: Հաշվարկը, երևի, այն էր, որ սպառնալիքի ճնշման տակ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կփլուզվեն, Արևելյան Եվրոպայի երկրները կճանաչեն Ռուսաստանի գերակայությունը:

Ասել, թե Պուտինը լիովին և վերջնականապես ձախողվել է, թերևս ճիշտ չէր լինի, բայց Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Եվրոպան գոնե ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում վճռական միասնություն դրսեւորել է:

Ֆրանսիա – Գերմանիա միջուկային համագործակցությունը, հավանաբար, ուժային այն կռվանն է, որ ԱՄՆ-ին պիտի դրդի Ռուսաստանի հետ «գործարքում» հարգել Եվրոպայի շահերը:

Leave a Comment