Ո՞րն է արդարադատության շահը․ Դատավոր Լիլի Դրմեյանը չթույլատրեց լուսաբանել դատական նիստը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում,  նախագահությամբ Լիլի  Դրմեյանի, փետրվարի 13-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։

Դատական նիստի սկզբում Դատավորի Լիլի Դրմեյանը հայտարարեց, որ դատական նիստը անցկացվելու է դռնփակության պայմաններում,  հիմնավորելով որոշումը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ մասով և վկայակոչելով արդարադատության շահի պաշտպանումը։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:

Հարկ է նշել, որ նիստի ընթացքում չի եղել որևէ միջնորդություն դատական նիստը դռնփակ անցկացնելու, Լիլի Դրմեյանը դատական վարույթը դռնփակ է անցկացրել սեփական նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, դատական նիստի ընթացքում չի քննարկվել այնպիսի տեղեկություն, որին նախկինում լուսաբանված նիստերի ընթացքում անդրադարձ չի կատարվել։

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային լավագույն փորձը և համաշխարհային ընդունված ստանդարտները հակակոռուպցիոն գործերի քննության ոլորտում հստակ շեշտադրում են դատական վարույթի առավելագույն թափանցիկությունը և հրապարակայնությունը։ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, Եվրոպայի Խորհրդի կողմից ստեղծված Պետությունների խմբի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Թրանսփարենսի Ինթերնեյշնլի ուղեցույցները բազմիցս ընդգծել են, որ կոռուպցիայի դեմ պայքարում հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու դատական գործընթացների հրապարակայնությունն անվիճելի կարևորություն ունեն։ Դատական նիստերի լուսաբանումը և մեդիայի ներգրավումը ապահովում են հաշվետվողականություն, թույլ են տալիս քաղաքացիական հասարակությանը հետևել արդարադատության իրականացմանը և կանխում են կոռուպցիայի նոր դրսևորումները հենց դատական համակարգում։ Այսպիսի գործերը՝ որպես հասարակական բարձր հետաքրքրություն ներկայացնող և հանրային նշանակություն ունեցող, միջազգային փորձում ենթակա են առավելագույն հրապարակայնության, որտեղ դռնփակության վերաբերյալ որոշումները կայացվում են միայն բացառիկ դեպքերում՝ համապատասխան հստակ և անհերքելի հիմնավորումներով։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի այս որոշումը, որը կայացվել է առանց կողմերի համապատասխան միջնորդության և առանց հստակ, թափանցիկ հիմնավորման, անկասկած աննախադեպ և անսպասելի բնույթ է կրում՝ հաշվի առնելով գործի բնույթը և նախորդող նիստերի հանրային բնույթը։ Նման որոշումը երրորդ անձ հանդիսացող անկախ դիտորդի կամ առհասարակ ողջամիտ դատողություն կատարող ցանկացած քաղաքացու մոտ ի հայտ կարող է բերել իրավաչափ և ողջամիտ կասկածներ դատարանի անաչառության  ու անկախության  վերաբերյալ։ 

Հարց է առաջանում՝ ո՞րն է արդարադատության շահը և ինչպե՞ս էր նիստի լուսաբանման պարագայում լրատվամիջոցը վնասելու դրան այն պարագայում, երբ լուսաբանված դատական նիստերը քաղաքացիներին հնարավորություն են տալիս տեղյակ լինելու գործերի քննության ընթացքին, այսպիսով հաշվետվողականությունը և թափանցիկությունը բարձրացնելով։ Դատարանի սույն որոշումը, որը չի ուղեկցվել համապատասխան հիմնավորմամբ և մանրամասն պատճառաբանությամբ, հակասում է ինչպես ներպետական իրավական նորմերին, այնպես էլ դատական վարույթների թափանցիկության միջազգային չափանիշներին։

Մանրամասները՝ տեսանյութում։






Կարդացեք նաև՝

Leave a Comment