«Վրացական երազանքը» ազատազրկման տեսքով պատիժ է սահմանում «իշխանությունը համակարգված չճանաչելու» համար

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «Դրամաշնորհների մասին» օրենքում հայտարարված և առաջին ընթերցմամբ արդեն ընդունված փոփոխություններին ավելացրել է նաև Քրեական օրենսգրքում փոփոխություններ, որոնցով ազատազրկման պատիժ է սահմանվում «իշխանությունը համակարգված չճանաչելու» համար, գրում է Ekhokavkaza-ն:

Բացի այդ, «իշխանությունը չճանաչելը» ներառվում է հանցագործություն կատարելիս ծանրացուցիչ հանգամանքների ցանկում։ Արդյունքում՝ տվյալ հոդվածով նախատեսված ազատազրկման ժամկետին կավելացվի ևս մեկ տարի։

Փոփոխությունները ներկայացվել են փետրվարի 16-ին խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ և հավանության են արժանացել վեց կողմ, մեկ դեմ ձայներով։

Պատժելի կլինի նաև «այլ անձի կամ սեփական անձի կողմից իրեն Վրաստանի իշխանության ներկայացուցիչ ներկայացնելը՝ հրապարակային և համակարգված ձևով»։ Պատժի տակ է ընկնում նաև նույն անձի «այլ համակարգված գործողությունը», որը «նպատակ ունի ձևավորելու սահմանադրական կարգի կամ Վրաստանի սահմանադրական մարմինների ոչ լեգիտիմ լինելու ընկալում և վնաս է հասցնում Վրաստանի շահերին կամ ստեղծում է նման վնաս հասցնելու իրական վտանգ»։

Վրաստանում քաղաքական ուժերն ու ՀԿ-ները քննադատել էին նոր խստացումներն ու սահմանափակումները օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում:

Leave a Comment