35 տարի առաջ փետրվարի 16-ին, երբ լույս տեսավ «Ազգի» առաջին համարը, ԽՍՀՄ-ը պաշտոնապես դեռ չէր լուծարվել, հանրապետությունները, նրանց թվում նաեւ Հայաստանը, անկախության ուղին էին որդեգրել, ԼՂԻՄ-ը ժողովրդավար միաձայն ընտրությամբ միացել էր Մայր Հայաստանին, Ադրբեջանը սկսել էր Արցախի հայ բնակչության նկատմամբ սպանդը, 1988 թվականի երկրաշարժի ավերը, սուգն ու տառապանքը ընտանիք կորցրած մարդու միտքը չէին շեղել, գերադասում էր ազգային ապագայի հույսից կառչած մնալ, գյումրեցու Գորբաչովին ուղղված հարցը Ղարաբաղի՛ ճակատագրի մասին էր…կտրոնով հաց, կտրոնով կյանք, լույսի եւ վառելիքի բացակայություն, Ղարաբաղում թեժացող կռիվ…
Եւ՝Սփյուռքից նվիրյալ մտավորականներ՝ ռամկավար ազատական կուսակցության եւ «Թեքեյան» մշակութային միության ղեկավարներից Երվանդ Ազատյանի համարձակ վճռով որոշեցին Երեւանի Հանրապետության 47 հասցեում ստեղծել տարածաշրջանում համակարգչային առաջին թերթը: Ի՞նչն էր «Ազգի» հիմնադիր գլխավոր խմբագիր, Բեյրութի «Զարթօնքի» խմբագիր Յակոբ Աւետիքեանին Երեւանում հաստատվելու, օրաթերթ հրատարակելու որոշման հանգեցրել: Հայության իղձը՝ անկախ Հայաստան կերտելու, նրա ապագան կառուցելու նպատակը: Macintosh ների լեզուն եւ բնավորությունն էլ սերտեցին «Ազգ»-ի աշխատակիցները, վազելու, արագ գրելու, մի քանի աղբյուրից լսածը ստուգելու պայմանն էլ յուրացրին:
35 տարի շարունակ «Ազգը» դարձավ Հայաստանի պատմության արձանագրողը՝ գունազարդումների, ստի եւ կեղծիքի հանդեպ անողոք մնալով: Նոր տեխնիկան, նոր գրելաոճը, թերթի նոր ձեւավորումը ավանդույթներ քանդող չեղավ, որոնեց եւ գտավ երկաթյա վարագույրից անդին մնացած թեմաներ, խոսեց մեր ազգը միավորող արժեքների մասին: Սփյուռքը հեռավորից դարձավ մասնակից, Հայ առաքելական եկեղեցին՝ ճանաչելի, միջազգային կարեւորագույն իրադարձությունները՝ մեր քաղաքականությանը հաղորդակից:
«Ազգի»5ամյակի առթիվ տոնական մեր տրամադրությունն եմ հիշում Սպենդիարյան Ազգային օպերայում, եւ մեր մեջ Արցախյան առաջին պատերազմի յուրաքանչյուր դառը օրվա, ծանր մարտերի, հաղթանակի մասին հեռախոսով թելադրած Վահրամ Աղաջանյանին: 35 տարիներից 30 -ը «Ազգն» Արցախի մասին պատմել է «առաջին ձեռքից» գրված հոդվածներով՝տեղում թղթակից ունենալով:
Այսօր սկսված Մեծ Պահքի ամենամեծ խորհուրդն Ապաշխարությունն է: Միգուցե «Ազգն» էլ իր բաժին մեղքն ունի, որ …Արցախից էլ չեն գրում: Բոլոր իշխանություններին մեր քննադատությունը երեւի չափազանց մեղմ է եղել, չափազանց հավասարակշիռ, 6 լեզվով մեր թերթի համար պետական միջոցներ չեն գտնվել, օրաթերթը դարձել է շաբաթաթերթ, 16 էջը՝ 8, իսկ պետության պատվերը եղել է ընտրողներին փող բաժանելը, ապա որոշ հայհոյախոս, բանսարկու թերթեր հովանավորելը, որ «առանց Արցախ լավ ապրելու» թեզը մոռացնել են տվել գյումրեցու՝ Գորբաչովին ուղղված հարցը: Նյութն իշխանություն է դարձել, Ոգին՝ ծիծաղի առարկա, պոպուլիզմը հաղթել է:
Հուսախաբ ենք անշուշտ, բայց հուսահատ չենք:
Ոգին առանց զենքի հաղթել չի կարող, գրել ենք միշտ: Նորագույն զենքն առանց գաղափարի եւ ոգու, կարող է ուղղվել սեփական քունքին, սրա մասին է զգուշացնում 35-ամյա «Ազգը»:
Ուստի գրում ենք Արցախի մասին՝ հավատալով, որ մեր թերթի հին համարներն ուսումնասիրող ուսուցիչը, դասախոսը կկրթի մի սերունդ, որի համար սեփական պատմությունը արհեստական բանականության ստեղծած «իրականությունը» չի լինի: Միշտ գրելու ենք Վերադարձի մասին, պահանջ եւ ոգի չունեցող մարմինը կենսունակ չէ, մանավանդ մեր օրերում, երբ հին կարգն էլ չի գործում, իսկ Նոր աշխարհակարգ ձեւավորողները ոգեզուրկներին չեն էլ թաղում, ժամանակ չունեն:
Լինենք տե՛րը մեր Ժամանակի:
Ազգի, «Ազգի» հետ լինե՛նք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա