Եվս մի «Մովսես». Հակոբ Բադալյան

Ուրեմն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, հիշեցնեմ՝ ըստ օրենքի Անկախ հանձնաժողովի նախագահը, որը մինչ այդ պաշտոնում հայտնվելը ՔՊ կուսակցական էր, հայտարարում է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանը գրավիչ է Հայաստանի համար: Հետո թվարկում մի երկու՝ իր կարծիքով առավելություն:

Հետո, դրա մասին լուրի տեքստում կարդում ենք. «Նա ոչ բնականոն է համարել այն փաստը, որ վերջին ամիսներին մոդուլային ԱԷԿ-ի կառուցման մասին խոսում են բացառապես քաղաքական գործիչներն ու քաղաքական վերլուծաբանները, մինչդեռ անհրաժեշտ է, որ իրենց կարծիքն արտահայտեն փորձագետները»:

Մեսրոպ Մեսրոպյանին թվում է, թե ինքը օրինակ, փորձագետ է եւ կարող է կարծիք հայտնել: Զուտ մասնագիտորեն՝ նա համապատասխանում է այդ թեմայով մասնագիտական, այսինքն էներգետիկ—ճարտարագիտական ասպեկտի վերաբերյալ մասնագիտական գնահատական հայտնելուն: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նա դառնում է երկրորդ «Հակոբ Մովսես», որը չի տարբերակում, որ հարկատուների հաշվին իրեն բարձր աշխատավարձ են վճարում ոչ թե «փորձագիտական» եթերների կամ ասուլիսների համար, այլ Անկախ հանձնաժողովի անդամի պարտականությունը կատարելու:

Իհարկե այդ իմաստով մեր անկախ հանձնաժողովներում «Մովսեսները» երկուսը չեն՝ շատ են, բայց տվյալ պարագայում ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահը պետք է գիտենա, որ, ինքը մոդուլային ռեակտորների մասին կարծիք պետք է հայտնի բացառապես Անկախ հանձնաժողովի ֆունկցիոնալ շրջանակում, երբ այդ հարցը հասնի հանձնաժողովին՝ եթե հասնի, ու պահանջի համապատասխան եզրակացություն:

Եթե ոչ, ապա նա պետք է այդպիսի հարցերում լռի, որովհետեւ փորձագետ չէ, այլ անկախ հանձնաժողովի նախագահ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment