
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել կենսաթոշակների և նպաստների ստացման կանխիկ եղանակից անկանխիկի անցման գործընթացի վերաբերյալ։ Գերատեսչության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մանրամասնել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն քաղաքացիները մինչև սահմանված վերջնաժամկետը։
Գործընթացը հեշտացնելու նպատակով գործում է առցանց դիմելու հնարավորություն socservice.am կայքի միջոցով, ինչը թույլ է տալիս խուսափել տարածքային կենտրոններում հերթերից։ Քաղաքացիները պետք է ընտրեն նախընտրելի բանկը, որից հետո անհրաժեշտ կլինի կնքել հաշվի սպասարկման պայմանագիր և ստանալ բանկային քարտը։
Այն շահառուների համար, որոնք մինչև մարտի 5-ը չեն կատարի բանկի ընտրություն, պետությունը կիրականացնի ավտոմատ ընտրություն։
Մարտի 5-ի վերջնաժամկետը պայմանավորված է վճարման ցուցակների ձևավորման տրամաբանությամբ։ Մարտ ամսվա ցուցակները կլինեն վերջինը, որտեղ կներառվեն կանխիկ վճարումներ ստացողները, որից հետո կսկսվի ապրիլ ամսվա անկանխիկ վճարումների նախապատրաստումը։
«Մենք մարտի հինգը ընտրեցինք, որպեսզի մարտի հինգից ընկած ժամանակահատվածները հասցնենք կատարել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար, և երբ որ ապրիլի մեկին մենք արդեն վճարման ցուցակները ձևավորենք և ուղարկենք բանկերին, գոնե թե մեր այ այս շահառուները… պատրաստ լինեն արդեն իսկ գումարը իրենց հաշիվներին նստելուց հետո կարողանան ստանալ կենսաթոշակը»- ասել է Գալստյանը։
Նախարարության ներկայացուցիչը հորդորել է չհապաղել դիմումների հարցում, քանի որ մարտի 5-ից հետո բանկ ընտրելու պարագայում գործընթացը կարող է երկարաձգվել, և շահառուները իրենց ապրիլ ամսվա վճարումները կկարողանան ստանալ միայն ամսվա վերջին։
Մանրամասները՝ տեսանյութում