Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Անդրադառնալով մտքին, թե եպիսկոպոսաց ժողովը չի կարող Հայաստանից դուրս տեղի ունենալ՝ նա նշեց, որ դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։
«Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն: Եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,- նշեց նա:
Նաթան Սրբազանը հավելեց, որ Եկեղեցին անկոտրում է, իրենք չեն ընկրկելու, չեն նահանջելու։
«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պըտք է շարունակի այն ցանկությունը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,– ասաց նա և եզրափակեց. «Զարմանում եմ, որ ամեն անգամ, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի ու հիմարի տեղ դնել։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»: