Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Մյունխենում ունեցած ելույթը անվանել է «լավ սկիզբ» Վաշինգտոնի հետ ապագա հարաբերությունների կառուցման համար, սակայն նշել է, որ Եվրոպան այլևս արտաքին խորհրդատվության կարիք չունի։
Անվտանգության համաժողովի շրջանակներում նախարարը լրագրողներին ասել է, որ Եվրոպան կամավոր որոշել է միջոցներ ձեռնարկել մրցունակությունը բարձրացնելու համար։ «Մեզ այս հարցում որևէ արտաքին ճնշում պետք չէ», – ասել է նա։
Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը նույնպես ջանքեր է գործադրում անօրինական միգրացիան կանխելու համար։ Վադեֆուլը նշել է, որ Եվրոպան պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ։ «Բայց մեզ որևէ այլ խորհրդատվության կարիք չկա», – հավելել է նա։
Ավելի վաղ Ռուբիոն, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, մտահոգություն էր հայտնել զանգվածային միգրացիայի վերաբերյալ և նշել, որ ԱՄՆ-ն ցանկանում է «ուժեղ գործընկերներ, ուժեղ դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանվել»։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է «տեսնել ուժեղ Եվրոպա»։