Արամ Վարդևանյանը պարզաբանել է Սամվել Կարապետյանի առաջադրման սահմանադրական ընթացակարգը

«Մեր ձևով» շարժման անդամ Արամ Վարդևանյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի կողմից կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո հնչած քննադատություններին: Ֆեյսբուքյան իր էջում Վարդևանյանը պարզաբանել է, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային ժողովի կողմից՝ առանց հանրաքվեի դիմելու:

Նրա խոսքով՝ հանրային քննարկումը սկսվել է Կարապետյանի հայտարարությունից, թե Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխություն: Վարդևանյանը շեշտել է, որ Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում մի քանի ճանապարհներով, որոնցից ամենահայտնին հանրաքվեն է:

«Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ, միևնույն ժամանակ վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը կարող է փոփոխել պարզ ընթացակարգով: ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին»,- ընդգծել է Վարդևանյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փետրվարի 12-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես ներկայացրել էր գործարար Կարապետյանին որպես վարչապետի իր թեկնածու: Նրա եղբորորդին համագումարի ժամանակ հայտարարել էր, որ եթե կուսակցությունը հաղթի ընտրություններում, կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն՝ Սահմանադրության 148-րդ հոդվածում ամրագրված պահանջները փոփոխելու համար:

Գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է նախորդ չորս տարիների ընթացքում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես բնակվի երկրում:

Leave a Comment