Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները 1-ին տեղն են զբաղեցրել «Երևանի կայուն էներգիայի օրեր 2026» միջոցառման նորարարական գաղափարների մրցույթում՝ ներկայացնելով էլեկտրոստատիկ օդամաքրիչ կայանի նորարարական նախագիծ։
Թիմը մշակել է էլեկտրոստատիկ օդամաքրիչ կայան, որն աշխատում է արևային էներգիայով և օգտագործում է իոնիզացիայի սկզբունքը։
Նախագիծը համատեղում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը և արդի տեխնոլոգիաները՝ օդի մաքրման արդյունավետ լուծում ստեղծելու համար։
Հաղթող թիմի կազմում են Լևոն Սողոմոնյանը, Մարիամ Ղամբարյանը, Սուրեն Հովսեփյանը, Վահե Գալստյանը և Գևորգ Զադոյանը։ Հաղթանակի արդյունքում ուսանողները նաև ստացել են DigiTec Expo-ի «Startup Alley»-ում հանդես գալու հնարավորություն։
Միջոցառման շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով իրադարձության մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետը շեշտել է, որ Կառավարության կողմից վերջերս ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում կրթությունը հռչակված է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»։ Ըստ Փաշինյանի, ցանկացած խնդրի լուծում, այդ թվում՝ էներգետիկ վերափոխումը, որը համաշխարհային առաջնային օրակարգ է, անխզելիորեն կապված է կրթության հետ։
Պոլիտեխնիկի ուսանողների հաղթանակը հերթական անգամ ապացուցում է, որ հայկական ինժեներական միտքը պատրաստ է լուծել գլոբալ էկոլոգիական խնդիրներ։