Դանիայի վարչապետը Մյունխենի համաժողովում Ռուբիոյի հետ կքննարկի Գրենլանդիայի հարցը

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում՝ քննարկելու, ի թիվս այլ հարցերի, Գրենլանդիան՝ կղզու նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների ֆոնին։

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 13-15-ը։

«Մենք մի քանի հանդիպումներ ունենք նախատեսված ամերիկացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարի հետ, այդ թվում՝ Գրենլանդիայի հարցով», – ասել է Ֆրեդերիկսենը, ըստ DR-ի։

Վկայակոչելով Գրենլանդիայի կառավարությանը՝ DR-ն ավելի ուշ հայտնել է, որ կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես կմասնակցի հանդիպմանը։ Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ փետրվարի 13-ին։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։

 

Leave a Comment