Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան խուզարկություն էր անցկացվել «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացված խուզարկությունը կապված է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի հետ, որը վերաբերում է չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հնարավոր դեպքերին։
Նրա խոսքով՝ վարույթը վերաբերում է նրան, որ կենտրոնը 2015-2025 թվականներին իր կարիքների համար ձեռք է բերել բժշկական պարագաներ իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից՝ ավելի բարձր գնով, չնայած, ըստ վարկածի, ունեցել է հնարավորություն նույն ապրանքները անմիջապես ներմուծողներից և արտադրողներից ձեռք բերել ավելի ցածր գնով։
«Այդ կերպ իբրև թույլ է տվել, որ այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի-ի բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից ու արդյունքում որոշակի գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները», – նշել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է չորս ամիս առաջ, սակայն խուզարկությունը կատարվել է միայն այժմ։ Նրա խոսքով՝ եթե առկա էին բավարար տվյալներ, ապա հրատապ քննչական գործողությունը պետք է իրականացվեր անմիջապես, ոչ թե ամիսներ անց։
Ալեքսանյանի պնդմամբ՝ մինչ խուզարկությունը կենտրոնի տնօրենը և աշխատակիցները որևէ կերպ չեն տեղեկացվել վարույթի մասին և չեն հրավիրվել հարցաքննության։ Նա նաև նշել է, որ խուզարկության որոշմամբ նախատեսված է եղել առգրավել հաշվապահական և հարկային փաստաթղթեր, ինչպես նաև որոշ էլեկտրոնային կրիչներ, մինչդեռ տնօրենի աշխատասենյակից առգրավվել են նաև դրամական միջոցներ, որոնց վերաբերյալ, ըստ նրա, դատարանի որոշման մեջ նշում չի եղել։
Փաստաբանը հավելել է, որ որոշման մեջ հիշատակվող տվյալները կրում են օպերատիվ բնույթ և ապացուցողական նշանակություն չունեն, իսկ կոնկրետ բարձրաստիճան հոգևորականների անուններ գործի նյութերում նշված չեն։