Գիա Վոլսկի․ «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզներից

Գիա Վոլսկի․ «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզներից

13 փետրվարի 2026 – 16:08 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը: Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ակտիվացումը դրական արձագանք է ստացել վրացական կողմից։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հայտնվելով Վրաստանը չի անհետանա աշխարհագրական քարտեզներից», հայտնում է «Էխո Կավկազան»:

«Վրաստանի նշանակությունը Ասիայի և Եվրոպայի միջև փոխկապակցվածության մեջ անփոխարինելի է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը կփոխարինի այլ միջանցքները, ապա այդ մարդիկ կամ անտեղյակ են, կամ գիտակցաբար սուտ են ասում»,-ասել է Վոլսկին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment