Մայր Աթոռը դատի է տվել կարգալույծ արված Տեր Թադեին

Մայր Աթոռը դատի է տվել կարգալույծ արված Տեր Թադեին

13 փետրվարի 2026 – 14:53 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կարգալույծ հռչակված Տեր Թադեի (Արամայիս Թախմազյան)։

Եկեղեցին դատարանից պահանջել է պարտավորեցնել Թախմազյանին վերադարձնել ՀԱԵ-ին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ միաժամանակ արգելելով նրա մուտքը Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածներ՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան, հայտնում է Factor.am-ը:

Բացի այդ, հայցվորը պահանջել է կարգալույծ հռչակված հոգևորականից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին։

Հիմնավորումներում նշվել է, որ Թադե քահանան վարկաբեկել է Հայ եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ տարածել է հրապարակային զրպարտիչ հայտարարություն, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագների ընթացքում կամայականորեն զեղչել է Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ փաստացի մերժելով նվիրապետական կարգը, իրեն դուրս է դրել Եկեղեցուց և, ըստ էության, հարել է հերձվածողական շարժմանը, ինչպես նաև եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Ավելի վաղ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել նաև կարգալույծ հռչակված մեկ այլ քահանայի՝ Տեր Արամի (Ստեփան Ասատրյան) դեմ։ Հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Leave a Comment