Փարիզում բացահայտվել է լայնածավալ տոմսերի խարդախության ցանց, որը վնաս է հասցրել Լուվրի թանգարանին և Վերսալի պալատին։ Միայն Լուվրին հասցված վնասը գնահատվում է ավելի քան 10 միլիոն եվրո:
Փետրվարի 10-ին ոստիկանությունը ձերբակալել է մոտ տասը մարդու, այդ թվում՝ թանգարանի երկու աշխատակցի և մի քանի զբոսավարների։ Ըստ քննության՝ նրանք զբաղվել են կեղծ տոմսերի վաճառքով և նույն տոմսերի բազմակի օգտագործմամբ՝ տարբեր խմբերի համար։ Ըստ նախնական տվյալների՝ ցանցը գործել է շուրջ 10 տարի և օրական մինչև 20 խումբ է ապօրինի մուտք գործել թանգարան։
Դատախազության տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 957 հազար եվրո կանխիկ գումար և շուրջ 486 հազար եվրո՝ բանկային հաշիվներից։ Բացի այդ, առգրավվել են երեք ավտոմեքենա և մի քանի բանկային պահատուփեր։ Կասկածվում է, որ հանցավոր ցանցը գործել է կազմակերպված ձևով և ունեցել է ներսից աջակցություն։
Քննությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին Լուվրի ներկայացրած բողոքից հետո։ Թանգարանը հայտնել էր, որ մի խումբ զբոսավարներ նույն տոմսերը մի քանի անգամ օգտագործում էին տարբեր զբոսաշրջիկների համար և խուսափում պարտադիր վճարներից։ Հետագա հսկողությունն ու հեռախոսային լսումները հաստատել են կասկածները, ինչպես նաև մատնանշել հնարավոր կոռուպցիոն կապեր թանգարանի ներսում։
