Փաստաբան․ Չարչյանին մեղադրում են իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից թանկ պարագաներ գնելու մեջ

Փաստաբան․ Չարչյանին մեղադրում են իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից թանկ պարագաներ գնելու մեջ

13 փետրվարի 2026 – 15:57 AMT

PanARMENIAN.Net – «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ըստ գործի փաստական հանգամանքների՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից թանկ գնով պարագաներ է գնել, հայտնում է Panorama.am-ը:

Վաղ առավոտից խուզարկություն է իրակաացվել ԲԿ-ի տնօրեն Արման Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի և ֆինանսական գծով փոխտնօրենի աշխատասենյակներում։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Գործի փաստական հանգամանքները վերաբերում են հետևյալին. իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2015 -2025 թթ. իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցած ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ իբր հնարավորություն է ունեցել ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները ներմուծող և արտադրող ընկերություններից։

Իբր դրանով նաև այդ ընկերությունների համար, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձապես խոշոր չափերով հարկերից, արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցներ»,- մանրամասնել է փաստաբանը։

Նա ընդգծել է, որ բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալ գործով առկա չէ և իր համոզմամբ՝ նման փոխկապակցվածություն գոյություն չունի։ Թվաբանական ցուցանիշների մասին, նրա խոսքով, հրապարակում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խոսքը նախաքննական գաղտնիքի մասին է։

Փաստաբանի գնահատմամբ՝ կատարվող «գործողությունները իրականացվում են եկեղեցու դեմ արշավի շրջանակում՚։

Նա նշել է, որ խուզարկության որոշումը ուսումնասիրելիս պարզ է եղել, որ դատարանը թույլատրել է խուզարկության արդյունքում վերցնել միայն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր, կրիչներ, սակայն Արմեն Չարչյանի աշխատասենյակից նաև գումար են վերցնել։

Նա նաև ասել է, որ ԱԱԾ աշխատակիցն է հաղորդում ներկայացրել:

«Խուզարկության որոշման մեջ նշված է հաղորդումը ներկայացվել է բացառապես օպերատիվ տեղեկությունների մակարդակում։ Ֆիքսենք, օպերատիվ տեղեկությունները դատավարական իմաստով ապացուցողական զամբյուղ չեն, ապացուցողական որևէ նշանակություն չունեն, այսինքն այս պայմաններում գործ ունենք սնանկ փաստական տվյալների հետ»,- ասել է փաստաբանը:

Նա հավելել է, որ ներկա պահին Արմեն Չարչյանին բերման ենթարկելու, ձերբակալելու նախադրյալներ չկան, վարույթ իրականացնող մարմինը նմանատիպ գործողություններ չի պլանավորում։

2021-ին Չարչյանը ընտրությունների արդյունքում դարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր: Նա ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ 2021-ի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել: 2023-ին նա հրաժարվել է մանդատից՝ ասելով, որ ուզում է վերադառնալ իր նորմալ կյանքին:

Leave a Comment