13 փետրվարի 2026 – 13:09 AMT
PanARMENIAN.Net – Ֆրանսիական հեղինակավոր PopFoot վիճակագրական հարթակը հրապարակել է 2009 թվականից սկսած Գերմանիայի Բունդեսլիգայում խաղացած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճել են ամենաբարձր տոկոսային հարաբերակցությամբ իրենց անցկացրած հանդիպումների համեմատությամբ:
Լավագույն տասնյակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, ներկայումս Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է Armsport.am-ը։
Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու ընթացքում ցուցադրած արդյունավետ խաղի արդյունքում հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 հանդիպումներում Մխիթարյանը 17 անգամ արժանացել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ինչը կազմել է խաղերի ընդհանուր թվի 18.9 տոկոսը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, իսկ նրան հաջորդել են «Բավարիայի» առաջատարներ Հարի Քեյնը և Մայքլ Օլիսեն։