13 փետրվարի 2026 – 12:16 AMT
PanARMENIAN.Net – Քննչական մարմինը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել հանդես գալ տեսաուղերձով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով կուսակցության շնորհանդեսի ընթացքում ԱԲ-ի կողմից ստեղծված տեսաուղերձին և լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, հայտնում է 24news.am-ը:
Փաստաբանը նշել է, որ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ձևաչափով ելույթի հնարավորությունը որևէ իրավական ակտով չի ամրագրվել:
Վարդևանյանը ընդգծել է, որ տվյալ հարցի կապակցությամբ դիմում-հարցում է ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին՝ նպատակ ունենալով ապահովել Սամվել Կարապետյանի կողմից հրապարակային տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը։
«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում մոտ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե՞ ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե՞ ոչ։
Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին՝ հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և ոչ մի անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասել է նա։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ցուցադրված տեսանյութում (ստեղծված արհեստական բանականության միջոցով) կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու: