Iravaban.net-ի փոխանցմամբ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել սահմանել «Մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը»՝ մշակված Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից։ Սույն որոշմամբ նախատեսվում է ստեղծել իրավական մեխանիզմներ՝ վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացնելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։
Ընթացիկ իրավիճակը
2024 թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքը, որի 21-րդ հոդվածի 10-րդ մասով մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգի սահմանման լիազորությունը վերապահվել է Կառավարությանը:
Հայաստանի Հանրապետությունում օբսերվացիա կիրառվել է 2020 թվականին՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը» հաստատելու մասին N 26-Ն հրամանի, որն ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիս 26-ի N 48-Ն հրամանով:
Ո՞րն է նախագծի ընդունումը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար իրավական մեխանիզմների սահմանման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող կագավորումների նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը՝ մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինների գործառույթների իրականացման կարգը։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ կսահմանվի վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար իրավական մեխանիզմների։
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 174-Լ որոշման N 1 հավելվածի 48-րդ կետի 2-րդ ենթակետից, «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 6-րդ կետից։
Նախագծի ընդունումը՝ ի կատարումն նշված իրավական ակտերի, նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ամրապնդմանը։