Ռոդրիգես․ Վենեսուելան ձգտում է ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ

Վենեսուելան ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը նավթագազային ոլորտում և դառնալ աշխարհի խոշորագույն նավթարտադրողը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգես-ը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ այցելելով վենեսուելա-ամերիկյան համատեղ «Petro Independencia» ձեռնարկություն։

«Մենք ցանկանում ենք անցում կատարել՝ աշխարհի ամենախոշոր նավթի պաշարներ ունեցող երկրի կարգավիճակից դառնալով նավթարտադրության համաշխարհային հսկա»,-հայտարարել է Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ նավթագազային ոլորտում ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության ամրապնդումը «պետք է շահավետ լինի ինչպես վենեսուելական, այնպես էլ ամերիկյան ժողովրդի համար»։ Նախագահի լիազոր ներկայացուցիչը նշել է նաև, որ Վենեսուելան պատրաստ է ընդունել ներդրողներ ԱՄՆ-ից և աշխարհի այլ երկրներից։

«Petro Independencia» համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծվել է Վենեսուելայի պետական նավթագազային PDVSA ընկերության և ամերիկյան Chevron ընկերության մասնակցությամբ, տեղակայված է Օրինոկոյի նավթային գոտում։ Այն օրական արդյունահանում և վերամշակում է շուրջ 40 հազար բարել գերածանր նավթ։

Leave a Comment