Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին

Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը Արման Ծառուկյանի հետ սպասվող գոտեմարտի վերաբերյալ իր ակնկալիքներով։ Հիշեցնենք, որ մրցավեճը կայանալու է փետրվարի 28-ին՝ ազատ ոճի ըմբշամարտի RAF լիգայի մրցաշարի շրջանակներում։

MMA Junkie-ին տված հարցազրույցում Պուլասը բարձր է գնահատել Ծառուկյանի մեդիա ակտիվությունը, սակայն կասկածի տակ է դրել նրա՝ ըմբշամարտիկի հմտությունները։

«Ծառուկյանն այս պահին հսկայական անուն է։ Նրա թիմը գրագետ է աշխատում, և նա հաջողությամբ է զբաղվում իր PR-ով՝ գտնվելով ճանաչելիության գագաթնակետին։ Հենց այդ պատճառով էլ ես ցանկանում եմ մրցել նրա հետ․ սա ճակատագրի նվեր է, որը չէի կարող բաց թողնել։ Արմանը լավ ըմբիշ է, բայց ես այս մարզաձևով զբաղվում եմ ամբողջ կյանքս և հանդիպել եմ նրանից շատ ավելի ուժեղ մրցակիցների հետ։ Ի վերջո, նա խառը մենամարտերի (MMA) մարտիկ է, իսկ ըմբշամարտն իմ տարերքն է»,–ասել է նա։

Բլոգեր ըմբիշը նաև համարձակ մարտահրավեր է նետել՝ առաջարկելով գրազ։

«Թեև Ծառուկյանը հիանալի դրսևորեց իրեն Լենս Պալմերի դեմ, ես հավատում եմ, որ նա չի կարողանա ինձ գետնին տապալել։ Ավելին, ես պատրաստ եմ 1000 դոլար վճարել յուրաքանչյուր հաջողված տեյքդաունի համար», – եզրափակել է Պուլասը։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում իր առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10-0 հաշվով առավելության հասնելով 38-ամյա ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։

Leave a Comment