2025 թվականին հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք էականորեն պարզեցրել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկական անձը կարող է փոփոխել նախալրացված հայտարարագիրը, իսկ եթե փոփոխություններ չկատարվեն, հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։
Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացրել է էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Նախագծով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը առաջանում է միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը ներկայացրել է հարկային մարմնին վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը էլեկտրոնային ստորագրությամբ։
Նշենք, որ մինչ այդ փոփոխությունը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը նույնպես պետք է ներկայացներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող էր ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։ Այսինքն՝ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում, և նախկին մոտեցումը պահպանվել է։