Չինաստանը մտադիր է ամրապնդել Հունգարիայի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում կշարունակի լինել Հունգարիայի հուսալի ռազմավարական գործընկերը։ Չինա-հունգարական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա, ունեն հզոր ներքին դինամիկա և զարգացման լայն հեռանկարներ»,-նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ նշել է Վան Ին, ով փետրվարի 11-ին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Ինչպես ընդգծել է արտաքին գործերի նախարարը, Չինաստանը ողջունում է համատեղ զարգացման ուղղությամբ հունգարական կողմի ձգտումը և պատրաստ է աջակցել նրա ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը։ Նա հույս է հայտնել, որ Հունգարիան կշարունակի աջակցել ՉԺՀ-ին այն հարցերում, որոնք առնչվում են նրա առանցքային շահերին։
Վան Ին Օրբանին փոխանցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ողջույնները։ Դիվանագետը հաստատել է, որ, չնայած բարդ և անկայուն միջազգային իրավիճակին, երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կմնան անփոփոխ։ Նրա խոսքով՝ դա լիովին համապատասխանում է կողմերի հիմնարար շահերին։
Օրբանը վերահաստատել է Հունգարիայի հանձնառությունը «մեկ Չինաստան» սկզբունքին և հայտնել է չինական ներդրումներ ներգրավելու հետաքրքրվածության մասին։