Իրանի դեսպանը խոսել է Փաշինյանի այցի ժամանակ ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու հնարավորության մասին

ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հույս է հայտնել, որ Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կստորագրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2026 թվականին Իրան կատարած այցի ժամանակ։

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակւ 47-ամյա տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները մտել են հասունացման փուլ, և կողմերը նախատեսում են ինստիտուցիոնալացնել հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում։

Նա նաև ընդգծել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև հարաբերություններում գրանցվել են կարևոր նվաճումներ։ Մասնավորապես, նա շեշտել է երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցերը, Իրանի նախագահի Երևան կատարած այցի ընթացքում համագործակցության 12 հուշագրերի ստորագրումը, ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի պատրաստումը, բարձր մակարդակի պաշտպանական հարաբերությունների զարգացումը, անվտանգության համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթի մշակումը և այլն։

Դիվանագետի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, չհաշված պաշտպանության ոլորտը, 2025 թվականի առաջին 11 ամիսներին հասել է 698 մլն դոլարի: Շիրղոլամին նաև ասել է, որ Թեհրանը ողջունում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացը և կարևորում է հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը՝ տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային և տարանցիկ հնարավորությունների օգտագործման շրջանակներում:

«Իրանը իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած և բարգավաճ Հայաստան: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը, որը հիմնված է երկարատև ավանդույթների, պատմական, քաղաքակրթական և մշակութային կապերի վրա, ունի աճի, զարգացման, առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության և գործընկերության հստակ ուղի», – շարունակել է դիվանագետը:

Այսօր ավելի վաղ, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում Փաշինյանն ընդգծել էր երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման կարևորությունը:

Leave a Comment