Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կողմ է արտահայտվել Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։ Նա այս հայտարարությունն արել է Բեռլինում՝ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի գործընկերների հետ հանդիպման շրջանակներում, ըստ DPA լրատվական գործակալության։
Միջուկային դոսյեից բացի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ խնդրահարույց է նաև Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Այս ծրագիրը, պնդել է Վադեֆուլը, սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև Եվրոպայի համար։ «Հետևաբար, մեր շահերից է բխում, որ այս հարցերը լուծվեն բանակցությունների միջոցով։ Սա է այն, ինչի վրա ես հույս ունեմ», – եզրափակել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Փետրվարի 6-ին Օմանում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ Սպիտակ տունը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։