Կոնֆերենցիայի լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ կընդունի նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։
Այդ առիթով «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին։ Մարզադաշտը մարդիկ են, և մարդիկ են կերտում հաղթանակը՝ ձեռք ձեռքի։ Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որն ուժ է տալիս թիմին։
Երկրպագելու մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ ենք այսօր այս կարևոր կետում։ Հիմա հերթը հաջորդ մարտահրավերինն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյ-օֆֆում։
Գիտենք՝ ժամը ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չկան։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու իր շնչով։
Առաջին անգամ փետրվարին Հայաստանում անցկացվում է միջազգային հանդիպում, և այս մասին կարող էինք միայն երազել։
Եկեք մարզադաշտ՝ աջակցելու թիմին և մեր դրոշին։ Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի։ Այս կռվում դուք եք մեր հենման կետը, և մենք սպասում ենք տեսնել լեփ-լեցուն ու միասնական մարզադաշտ։
Առաջ «Նոա», առաջ Հայաստան», – գրել է ակումբի նախագահը իր Facebook-յան էջում։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը հանդես կգա եվրագավաթի անցումային փլեյ-օֆֆ փուլում։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։