BBC. Ամերիկյան դրոններ և քաղաքական աջակցություն Փաշինյանին՝ ինչու էր Վենսն այցելել Երևան

BBC. Ամերիկյան դրոններ և քաղաքական աջակցություն Փաշինյանին՝ ինչու էր Վենսն այցելել Երևան

11 փետրվարի 2026 – 17:16 AMT

PanARMENIAN.Net – BBC-ն ծավալուն հոդվածով է անդրադարձել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան՝ նշելով, որ այն ամրագրում է Երևանի և Վաշինգտոնի միջև արագ մերձեցումը և հեռացումը Մոսկվայից։ Երևանում Ջեյ Դի Վենսը աջակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ և հայտարարել է, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու սարքեր, որոնք մատակարարվում են նաև Ուկրաինային։

«Ես գիտեմ, որ Փաշինյանն առաջիկայում ընտրություններ ունի։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ դրանց, բայց եթե իմ աջակցությունն ինչ-որ բան նշանակում է, ապա նա այն հաստատ ստանում է, որովհետև նա կարողանում է կառուցել երկարաժամկետ համագործակցություն, որը կապահովի կայուն խաղաղություն Ադրբեջանի հետ», — հայտարարել է Վենսը Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հանդիպման ընթացքում նաև հայտարարվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ համաձայնության մասին։ Այն կբացի ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների արտահանման և Հայաստանում ամերիկյան փոքր միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը։

Այցի ընթացքում հայտնի է դարձել, որ ամերիկա-հայկական Firebird ստարտափը նախատեսում է 4 միլիարդ դոլարի լրացուցիչ ներդրում կատարել Հայաստանում գերհամակարգիչ և տվյալների կենտրոն ստեղծելու համար, որի համար ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Nvidia-ի ևս 41 հազար չիպերի վաճառքը։ Նախագիծը դառնալու է երկրի ամենամեծ ներդրումը ՏՀՏ ոլորտում։

Սակայն ամենախոշոր նորությունը եղել է V-Bat հետախուզական անօդաչու սարքերի՝ հայկական բանակի համար 11 միլիոն դոլար արժողությամբ մատակարարումը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱՄՆ ռազմական տեխնիկան մատակարարվում է Հայաստանին՝ երկիր, որն ի պաշտոնե Ռուսաստանի դաշնակից է, սակայն այժմ ունի ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ և նպատակ ունի անդամակցել Եվրոպական միությանը։

Վենսը և Փաշինյանը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի չլուծված հարցերից է Բաքվում պահվող հայ քաղաքացիների ճակատագիրը։

Բաքուն Վենսի այցի հաջորդ կանգառն է, և մեկնելիս նա նշել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ։

«Վենսի կողմից հնչեցրած աջակցության խոսքերը վկայում են, որ Արևմուտքը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ունի միասնական թեկնածու՝ անկախ Թրամփի վարչակազմի և եվրոպական առաջնորդների միջև առկա այլ տարաձայնություններից»,-ասվում է հոդվածում: ։

«Crisis Group»-ի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան ասել է, որ Եվրոպական միության ղեկավարները նույնպես աջակցում են Փաշինյանին, իսկ դեկտեմբերին Հայաստանը ստացել է ԵՄ-ի կողմից տրամադրված դրամաշնորհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի համար, ինչը փաստացի նշանակում է աջակցություն գործող կառավարությանը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար հայտարարում են Ռուսաստանի միջամտության մասին երկրի ներքաղաքական գործերին, սակայն Եվրոպան և Ամերիկան ևս չեն թաքցնում իրենց նախապատվությունները։

«Կան միայն անուղղակի ապացույցներ Ռուսաստանի ակտիվության մասին, մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացահայտ են միջամտում», — ընդգծել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ Վենսը ուղղակիորեն կապում են Փաշինյանի իշխանության մնալը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հետ:

«Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացը պայմանավորված է կոնկրետ անձանցով, ինչը չի դարձնում այն կայուն»,-ասել է Կուչերան:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի սկզբին։ Մայիսին երկրում նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, որի ժամանակ սպասվում է մի շարք եվրոպացի առաջնորդների ներկայությունը։

BBC-ի աղբյուրները հայտնել են, որ շուտով կհայտարարվի մայիսին անցկացվելիք ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին։

Նրանցից մեկը հայտնել է, որ այս միջոցառման կազմակերպումը կապված է եվրոպական առաջնորդների՝ Փաշինյանին ընտրություններից առաջ հրապարակային աջակցություն հայտնելու ցանկության հետ։

«Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի շարժառիթները ինչպիսին էլ որ լինեն, դրա արդյունքներն առարկայական են։ Նրա անձնական հավանությունը օգնեց երկու երկրների ղեկավարներին քաղաքական կամք գտնել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար, ներառյալ վերջին փոքրածավալ առևտրային փոխանակումները», — նշել է Ջոշուա Կուչերան:

Leave a Comment