ՀՀ ՔԿ-ն հայտնել է Վաղարշապատում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի 6 անդամի և կողմնակիցների ձերբակալման մասին

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Վաղարշապատում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի վեց անդամի և կողմնակիցների ձերբակալման մասին, որոնք կասկածվում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ սա վերաբերում է 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններում դաշինքի օգտին քվեարկության ենթադրյալ կազմակերպմանը։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը, պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով): 

ՔԿ տեղեկություններով՝ 6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար: Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր: 

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը հայտարարել էր, որ առավոտից տոտալ բռնաճնշումներ են «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ և նշել 10 ձերբակալվածի մասին։ 

Leave a Comment