Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է. Մկրտչյան – Նորություններ 11.02.2026

Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են Կառավարության ծրագրով՝ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն. ամրագրված է մեկանգամյա պոլիեթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 11-ի հերթական նիստում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը:

Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների համար:

Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն՝ առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով:

«Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է»,- նշել է Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Անդրադարձ է կատարվել թղթե պարկերի, մեկանգամյա օգտագործման սպասքի, կտորից կամ այլ թույլատրելի հումքից պատրաստված պարկերի կիրարկության արդյունավետությանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը միտված քայլերին:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծերի փաթեթի ընդունումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցերին ու դիտարկումներին:

 

Leave a Comment