Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահին՝ Հայոց ցեղասպանության թեմայով գրառումը ջնջելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և քննադատել  ԱՄՆ փոխնախագահ Վենսի այդ թեմայով արված հրապարակման հեռացումը։

Փելոսին հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Կոնգրեսի պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ, նրա խոսքով, հստակ և առանց վերապահումների խոսել են Հայոց ցեղասպանության մասին։ «Ճշմարտությունը կարևոր է»,- գրել է նա։

Նա նաև ընդգծել է, որ այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալիորեն չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը։

Միևնույն ժամանակ նախկին խոսնակը նշել է, որ խորապես հիասթափեցնող է տեսնել, թե ինչպես է ԱՄՆ փոխնախագահը ջնջում այն գրառումը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նրա գնահատմամբ՝ պատմության ջնջումը անարգում է զոհերին։

Leave a Comment