Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան ·

Բաքվի իշխանական minval politika-ն հրապարակել է փետրվարի 10-ին Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին Խարտիայի հիմնական դրույթները:

Լրատվամիջոցն իր կողմից ներկայացրել է, որ այն «ընդգրկում է տրանսպորտից և էներգետիկայից մինչև արհեստական բանականություն, ներդրումներ և անվտանգություն ոլորտները»: Առանցքային կետերը հետևյալն են՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ որպես գործընկերության հիմք:

Այնուհետև ընդգծվում է Միջին միջանցքի զարգացումը և «որպես առանցքային տրանզիտային երթուղու»՝ TRIPP նախագծին կողմերի աջակցությունը: Հաջորդիվ կողմերը կարևորում են էներգետիկ համագործակցությունը և «որպես էներգետիկ անվտանգության բնագավառում հուսալի գործընկերոջ՝ Ադրբեջանի դերի ամրապնդումը», առևտրի և ներդրումների աճը, բիզնես միջավայրի բարելավումը և մասնավոր հատվածի ներգրավումը:

Կողմերը նախատեսում են համագործակցել արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների՝ ներառյալ դետա-կենտրոնները և թվային ենթակառուցվածքները, նորարարությունների և կիբերանվտանգության և տեխնոլոգիական սթարթափների, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:

ԱՄՆ-ը խոստանում է «տեխնոլոգիաների և ֆինանսավորման միջոցով աջակցել հումանիտար ականազերծմանը»:

Կողմերը նաև պայմանավորվում են ստեղծել աշխատանքային խմբեր, մշակել ծրագրեր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզներ, նաև «պարբերաբար անցկացնել ռազմավարական երկխոսություն և հսկել պայմանավորվածությունների իրականացումը»:

Այս տեղեկատվության միակ ինտրիգը, որ, սակայն, չափազանց կարևորություն ունի, TRIPP նախագծին ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի «աջակցությունը» Խարտիայում արձանագրելն է: Խոսքը քաղաքակա՞ն, թե՞ այլ կարգի և բնույթի աջակցության մասին է:

ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը «Թրամփի ուղին» գնահատել է որպես տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով Ասիան Եվրոպային կապող «բարձր հուսալիության տրանսպորտային խոշոր միջանցք»: Խոսքը Թուրքիայի՞ մասին է:

Leave a Comment