Առաջիկայում Հայաստան էական դրամական ներհոսքեր են տեղի ունենալու. Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում Հայաստան էական դրամական ներհոսքեր են տեղի ունենալու՝ ձևավորելով ներդրումային նոր էկոհամակարգ։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վարչապետը շեշտել է, որ կառավարությունը երկար ժամանակ քննադատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների պակասի համար, մինչդեռ այժմ հենց նման ներդրումների ներգրավման փուլում է։

«Հիմա, ըստ էության, Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու, և ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից և տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում մեկ միավոր ներդրումը բերում է լրացուցիչ ևս մի քանի միավոր ներդրում, ինչի արդյունքում ձևավորվում է ներդրումային նոր էկոհամակարգ։

Վարչապետը ասել է, որ ենթակառուցվածքային ծրագրերը չեն սահմանափակվում միայն երկաթուղու կառուցմամբ։

«Երկաթուղին միայն երկաթգիծը չէ․ դա նաև սպասարկման ենթակառուցվածքներն են, այլ ծառայությունները, գերժամանակակից սարքավորումները, ուղևորների և ապրանքների հոսքերի սպասարկումը»,– Նշել է նա։

Փաշինյանը նաև խոսել է նոր էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի և մալուխների կառուցման մասին, Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի մասին, որը նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային և միջազգային ծառայություններ մատուցելու համար։

Վարչապետի խոսքով՝ այս բոլոր ուղղությունները փոխկապակցված են զբոսաշրջային հոսքերի աճի և ծառայությունների ընդլայնման հետ։

«Այստեղ ներդրումը բերում է ներդրում։ Տեխնոլոգիական ոլորտում բացված մեկ աշխատատեղը բացում է այլ ոլորտներում երեք, չորս, երբեմն նույնիսկ հինգ աշխատատեղ։ Մենք գործ ունենք հենց այդ նույն էֆեկտի հետ»,– ամփոփել է Փաշինյանը։

Leave a Comment