Ավստրալիան կվերսկսի Եվրոպական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է առևտրի նախարար Դոն Ֆարրելը։
Նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի և ԵՄ-ի միջև առևտրային բանակցությունների նոր փուլը կսկսվի արդեն այս շաբաթ։
«Բրյուսելում ես կհանդիպեմ առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի և գյուղատնտեսության ու պարենի հարցերով ԵՄ հանձնակատար Քրիստոֆ Հանսենի հետ՝ փոխշահավետ առևտրային համաձայնագիրը քննարկելու նպատակով։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կառավարությունը մտադիր է բացել նոր շուկաներ մեր արտահանողների համար, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր մեր տնտեսությունում և նվազեցնել ծախսերը ավստրալիացիների համար», — հայտարարել է Ֆարրելը։
Նա ընդգծել է, որ ԵՄ երկրների շուկան «հսկայական հնարավորություններ կբացի ավստրալական արտադրողների, ձեռնարկությունների և արտահանողների համար»։