Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մի փոքր եվրոպական գյուղ ազատագրվեց, բայց խաղաղությունը չեկավ նրա հետ միասին։ Տները կանգուն էին, սակայն սրտերը՝ փլված։ Եկեղեցին կիսաքանդ էր, և մարդիկ վախենում էին ներս մտնել․ թվում էր, թե պատերն էլ էին հիշում գնդակների ձայնը։
Գյուղի ծեր քահանան՝ հայր Մատթեոսը, պատերազմի տարիներին թաքցրել էր թե՛ հալածվող հրեաների, թե՛ վիրավոր զինվորների՝ առանց հարցնելու, թե ում կողմից են։ Նրա համար մարդը կողմ չէր ունեցել, այլ միայն ցավ։
Երբ առաջին անգամ պատերազմից հետո զանգը հնչեց, մարդիկ հավաքվեցին պատարագի։ Բոլորը սպասում էին հաղթության խոսք, երախտագիտություն թշնամու պարտության համար։ Բայց քահանայի առաջին բառերը այլ էին․«Տե՛ր, ներիր մեզ, որ սովորեցինք ապրել ատելությամբ»։
Այս աղոթքը տարօրինակ հնչեց պատերազմ տեսած ականջներին։ Մարդիկ շշնջում էին․
— «Ինչպե՞ս կարելի է ներել նրանց, ովքեր սպանեցին մեր որդիներին»։
Քահանան պատասխանեց ոչ թե դատողությամբ, այլ լռությամբ, ապա ասաց․
«Եթե ես աղոթեմ միայն իմ ցավի համար, պատերազմը կշարունակվի իմ սրտում։
Եթե ես աղոթեմ նաև նրանց համար, ում ատում եմ, պատերազմը առաջին անգամ կավարտվի իմ ներսում»։
Պատարագից հետո նա դուրս եկավ եկեղեցու բակ և տնկեց մի փոքրիկ ծառ։
— «Սա հիշատակ է ոչ միայն սպանվածների համար, այլ նաև մեր մեջ սպանված մարդու»։
Տարիներ անց այդ ծառի տակ երեխաներ էին խաղում։ Նրանք չէին լսել ռմբակոծության ձայնը, բայց լսում էին տերևների շշունջը։ Երբ հարցնում էին՝ ինչո՞ւ է այս ծառը այստեղ, մեծերը պատասխանում էին․
— «Որ չմոռանանք, թե խաղաղությունը սկսվում է ոչ թե զինադադարով, այլ ներողությամբ»։
Տեր Հեթում քահանա Թարվերդյան