Առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք համագործակցություն։ Սա խաղաղության օրակարգի արդյունք է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեծ թվերի հրապարակմամբ ցույց է տալիս Նահանգների մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու ՀՀ-ում ներդրումներ իրականացնելուն: Հիմա, ըստ էության, ՀՀ ֆինանսական մեծ ներհոսքեր են տեղի ունենալու»,- ընդգծել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ-ում․ «Հայաստանում և Ադրբեջանում սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ Վենսի հետ քննարկել են անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը:
«Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք: Բոլոր վերաբերելի ձևաչափերում այս հարցը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը, օրինակ, չէր վերադառնա:
«ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Խաղաղությունն է այն միջավայրը, որով հնարավոր է խնդիրը լուծել»,- ասել է վարչապետը։
