10 փետրվարի 2026 – 16:32 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանից Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը, հայտնում է Արմենպրեսը:
«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,-ասել է նա:
Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Բացի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից, մյուսների նկատմամբ Բաքվի դատարանը հրապարակել է չհիմնավորված դատավճիռներ՝ ցմահ ազատազրկումից մինչև 15 տարվա բանտարկություն: