Գործող կանոնակարգումների համաձայն` հարկային/մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային/մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած եւ հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք կամ վերապատրաստում անցած հարկային/մաքսային ծառայողները: Նախագծերով նախատեսվում է հարկային եւ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու պայմանը: Որպես պաշտոնի նշանակման առանձին պայման` նախատեսվել է գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային/մաքսային ծառայողի կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունենալը:
«Հարկային ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Տարեկան երկու անգամ կիրականացվի կատարողականի տարեկան գնահատում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով, որի հիման վրա դրական արդյունք ցույց տալու դեպքում հարկային/մաքսային ծառայողները կունենան առաջխաղացման իրավունք, իսկ բացասական արդյունքը կարող է աշխատակիցների ազատման հիմք հանդիսանալ:
Ուժը կորցրած է ճանաչվել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը սահմանող դրույթը: Այս ստորաբաժանման աշխատակիցները մնացած հարկային ծառայողների նման նույն կարգավորումներով կնշանակվեն աշխատանքի:
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ միատեսակությունն ապահովելու նպատակով «Հարկային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթն ուժը կորցրած ճանաչել:
Նախատեսվում է սահմանել, որ հարկային/մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մեկ տարի երկարացնելու դեպքում հավաստագիր չի պահանջվի:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: