Ներկայում, յուրաքանչյուր վարչական գործառություն իրականացնելիս ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում թմրաբանական եւ հոգեբուժական հաստատություններից անձի վերաբերյալ եզրակացություններ ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 10-ի հերթական նիստում:
«Արդեն գործում է ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգը: Օրենսդրական փոփոխությունն առաջարկում ենք կատարել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում եւ այդ տեղեկատվությունը կարձանագրվի ԱՐՄԵԴ էլեկտրոնային համակարգում, ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ եղանակով այդ տեղեկատվությունը կամրագրվի եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- ասել է Արմեն Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2021 թվականից 2025 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ անդրադառնալով անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ, շեշտել է առաջարկվող կարգավորումների կարեւորությունը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրացրած հարցադրումներին եւ դիտարկումներին: