ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները.
ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝
▪️ շուրջ 500կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր
▪️ շուրջ 90կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր
▪️ փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ
▪️ էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ
▪️ թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին
▪️ վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի նորացում):

Ընկերությունը նախատեսվող ներդրումների զգալի ծավալը՝ շուրջ 11 մլրդ. ՀՀ դրամ գումարի չափով, նախատեսում է ուղղել հոսանքազրկումների հաճախականության և տևողության կրճատմանը միտված աշխատանքների ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի լարման շեղման հաճախականության նվազեցմանը և առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:
Նախատեսվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կնվազեն ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։

Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում` 70%:
Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ կարևորվեց մասնաճյուղերի և էլ. ցանցերի ղեկավարների փոխգործակցությունը տեղերում՝ մրցութային գործընթացով հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների հետ, առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում ՀՀ ողջ տարածքում նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու համար:

Վթարավերականգնողական և ընթացիկ սպասարկման աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար Ընկերությունում մեկնարկել է ավտոպարկի արդիականացմանն ուղղված մասշտաբային գործընթաց: Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 4 տասնյակ նոր մարդաբեռնատար հերթապահ մեքենաներ, էլեկտրոմոբիլներ, ավտոաշտարակներ և ավտոլաբորատորիաներ.
վերջիններս նախատեսված են սպասարկելու բրիգադներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս:

Անդրադարձ կատարվեց նաև ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների ծավալի նվազեցման առաջնահերթությանը և դրանով պայմանավորված՝ 2026թ.-ի համար սահմանված առաջադրանքին:

Ելնելով առկա տեղեկատվության համադրումից և բաշխման ցանցի տեխնիկական վիճակից՝ Ժամանակավոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը 2026թ.-ի համար սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12%-ով ավելի ցածր է 2025թ.-ի ընթացքում արձանագրված փաստացի ցուցանիշից:

Հանդիպման ավարտին Ժամանակավոր կառավարիչը տվեց հստակ հանձնարարականներ՝ ուղղված մասնաճյուղերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների որակին, դրանց ժամկետների պահպանմանը և արդյունավետության բարձրացմանը՝ ընդգծելով ներդրումային ծրագրի պատշաճ իրականացման, վերահսկողության ուժեղացման և կապալառու կազմակերպությունների հետ բնականոն համագործակցություն ապահովելու անհրաժեշտությունը։

Leave a Comment