
«Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում։ Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից։ Նրանք հայտարարությունով հանդես եկան։ Հայտարարության մեջ նա ներկայացրեց իր երկրի շահը, արեց հայտարարություն, որ մեր կառավարության թարգմանիչը հատուկ սխալ թարգմանեց»,-հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հրապարակել է Վենսի հայտարարության բնօրինակը, այն համեմատել թարգմանչի խոսքի հետ։
«Երբ համեմատում ենք, հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են մեզ ցանկանում վաճառել, հարգելի հայրենակիցներ։ ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի սարքավորումներ գնելը ներկայացվեց ներդրում։ Նա հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու է, ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ը, այլ ՀՀ քաղաքացիները։ Դա պետական պարտքին 9 մլրդ դոլարի ավելացում է»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
«Իսկ գիտե՞ք՝ քանի ատոմային մոդուլյար կայան է կառուցել ԱՄՆ-ը աշխարհում։
0։ Փորձարկվում է մոդուլյար կայանը ատոմային էներգետիկայի մեջ Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է նա։
Կարապետյանի խոսքով, Չինաստանը Հայաստանին առաջարկել էր 2 անգամ ավելի էժան ատոմային կայան՝ 2 անգամ ավելի մեծ հզորությամբ։
«Ես կարող եմ պատասխանատվությամբ ասել, քանի որ բանակցողներից մեկը ես էի։ Ուղղակի մի հատ նկարի համար, որպեսզի ԱՄՆ փոխնախագահի հետ նկարվի, մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց ևս մեկ շահ Հայաստանի, 9 մլրդ դոլարի պայմանագիր ներկայացրեց ԱՄՆ-ին, որպեսզի ունենա նկար և խաբի մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու»,-մանրամասնել է նա՝ գործարքը որակելով հուսավաճառություն։