Առաջարկվում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն իրականացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից

Օրենքների նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը միտված է Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը եւ կատարելագործմանը, ինչպես նաեւ փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների եւ փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգի սահմանմանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Փաթեթով առաջարկվում է ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն իրականացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում, որով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կունենա ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու լիազորություն:

Ակնկալվում է, որ առաջարկվող կարգավորման տարբերակների իրականացման արդյունքում կհաստատվեն միատեսակ, թափանցիկ եւ թվայնացված գործընթացներ, որոնք կբարձրացնեն վարչարարական եւ տնտեսական արդյունավետությունը, կպահպանեն միջազգային ստանդարտներին համապատասխանությունը եւ կնպաստեն Հայաստանի՝ արտահանման եւ ներմուծման ոլորտի կայուն զարգացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փոխանցել է Նարեկ Ղահրամանյանը:

Նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 10-ին:

Leave a Comment