Նոր կարգավորումներ են առաջարկվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում եւ կից մի շարք օրենքներում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի տեղեկացմամբ որոշակի հստակեցումներ են արվել, թե երբ կարող է մրցույթի մասնակիցը բողոքարկել մրցույթի արդյունքները, սահմանվում են բողոքարկման հստակ ժամկետներ: Դեռեւս 2024 թվականին ընդունված օրենքով նախատեսված է օպերատոր սահմանելու որոշակի մրցութային ընթացակարգ: Ըստ զեկուցողի՝ այս կարգավորման դեպքում բոլոր տեսակի խաղատների եկամուտներն ու խաղադրույքները հնարավոր կլինի մանրամասն եւ դետալային վերահսկել: «Թվային ենթակառուցվածք է ստեղծվում, որտեղ յուրաքանչյուր խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, եւ ՊԵԿ-ը կունենա համապատասխան տեղեկատվություն»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահի տեղակալը եւ հավելել, որ ընթացակարգը նախորդ տարի մեկնարկել է, մրցույթն ընթացքի մեջ է, այժմ մրցույթի երկրորդ փուլն է: Այս կարգավորմամբ փորձ է արվում բարելավել գործող մեխանիզմները:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացմամբ էլ բացառվելու է այնպիսի հայցի ապահովման միջոցի կիրառումը, որը կհանգեցնի մրցութային գործընթացի կասեցմանը: Համանման կարգավորումներ կան «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում, եւ այդ ծրագրերի շարքում ավելացվում է նաեւ խաղային գործունեության կարգավորման օպերատորի համապատասխան ընթացակարգը:
Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել մինչ օրս խաղային կարգավորման օպերատոր չունենալու պատճառներին, մրցույթի անցկացման ընթացքում առաջացող խնդիրներին ու ռիսկերին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է Հայաստանում չգրանցված խաղային կայքերի հասանելիության ու գովազդի արգելափակմանը, նշել, որ մինչ օրս հասանելի են չգրանցված ու կասկածելի ծագում ունեցող խաղային կայքերը: Այս համատեքստում պատգամավորը փաստել է, որ նշյալ սահմանափակումը, փաստորեն, կիրառվում է օրենքի դաշտում: Բաբկեն Թունյանի գնահատմամբ այս հարցը ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ անվտանգային ու սոցիալական խնդիրներ է առաջացնում ու այս ուղղությամբ պետք է արագ քայլեր ձեռնարկվեն:
Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ ՊԵԿ փոխնախագահն ամփոփիչ ելույթում տեղեկացրել է, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք օրենքի սահմանափակումներն առավել արդյունավետ կիրառելու հնարավորություն կտան: Կսահմանվի պաշտպանության համակարգ, որը հնարավորություն չի տա տվյալ կազմակերպությանն ինտերնետ տարածքում անարգել վաճառելու իր արտադրանքը: