ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելափակել ԱՄՆ-ն ու Կանադան կապող կամրջի բացումը՝ մինչև Վաշինգտոնը «ամբողջությամբ փոխհատուցում» ստանա այն ամենի համար, ինչ տրամադրել է հյուսիսային հարևանին, գրում է BBC-ն։
Խոսքը Gordie Howe International Bridge-ի մասին է, որը կապելու է Կանադայի Օնտարիո նահանգը ԱՄՆ-ի Միչիգան նահանգին։ Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ կամուրջը չի բացվի, քանի դեռ Օտտավան «ԱՄՆ-ին չի վերաբերվել այն արդարությամբ և հարգանքով, որին արժանի է»։
Նախագծի պաշտոնական կայքի տվյալներով՝ կամրջի կառուցումը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության կողմից, սակայն այն լինելու է Կանադայի և Միչիգան նահանգի համատեղ հանրային սեփականություն։
Պարզ չէ, թե ինչպես կարող է Թրամփը իրավական առումով արգելափակել կամրջի բացումը։ Նա նշել է, որ բանակցությունները կմեկնարկեն անհապաղ, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
